Արմինֆո.Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի, օգոստոսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, և ես ուզում եմ արձանագրել հետևյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Եվ, իմ կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Այնպես որ ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը դրել է մեր առաջ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ, և հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է՚,- ասել է Փաշինյանը: Նշենք, որ օգոստոսի 17-ին` 18:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ Փաշինյանը կամփոփի իշխանավարության 100 օրվա արդյունքները: