Արմինֆո. Կասպիական հնգյակի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Ղազախստանի Ակտաու քաղաքում, հաջողությամբ համընկավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցային պատերազմի հետ, ևս մեկ անգամ արդիականացնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի բոլոր ուղիների գործարկման խնդիրը, այդ թվում նաև Հայաստանի համար Իրանի տրանզիտային հնարավորությունների օգտագործումը:
Ինչպես հայտնի է, Կասպյան հինգ երկրների ղեկավարներն ստորագրեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա, դնելով Կասպից ծովն արդյունավետ էներգետիկ երթուղիներից մեկը վերածելու հիմքերը:
Այսպես, Թուրքմենստանը կոնվենցիայի ընդունմամբ ակնկալում է դիվերսիֆիկացնել իր գազի արտահանումը դեպի Եվրոպա: Աշխաբադը հուսով է այս փաստաթղթի ընդունումը կլուծի թուրքմենական գազի արտահանման խնդիրը, Կասպից ծովի հատակում Տրանսկասպյան գազատարի կառուցման և այն Տրանսանատոլիական գազատարին (TANAP) կապելու միջոցով: Այս խողովակաշարը գազի մատակարարումն ապահովում է Ադրբեջանից, Վրաստանի տարածքով, դեպի Թուրքիա և հունական սահման, որտեղ այն կշարունակվի Տրանսադրիատիկ (TAP) գազատարի միջոցով, Հարավային Եվրոպայի ուղղությամբ:
Ըստ ամենալավատեսական կանխատեսումների, ադրբեջանական գազն այդ խողովակաշարերով կկսի Եվրոպա հոսել 2019-2020 թվականներից: Ըստ առկա տեղեկությունների, նմանատիպ նախագիծ է դիտարկում նաև Ղազախստանը: Երկու խոշոր գազային խաղացողների՝ Թուրքմենստանի և Ղազախստանի միացումն այդ նախագծին էլ ավելի կամրապնդի Բաքվի տնտեսական և տարանցիկ հնարավորությունները, ինչը կհանգեցնի նրա ռազմական բյուջեի մեծացմանը, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Աստրախանի մարզի Օլյա նավահանգստի օգտագործումը, մյուս չորս պետությունների նավահանգիստների հետ մեկտեղ, կարող է նույնպես հանգեցնել մուլտիմոդալ տրանսպորտային փոխադրումների ակտիվացմանը, ձևավորելով Ասիան Եվրոպայի հետ կապող նոր երթուղիներ:
Սակայն, չնայած այն հանգամանքին, որ հինգ նախագահները համաձայնեցրին մեծ խնդիրներ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ Իրանի համար խնդիր է մնում սահմանազատման հարցը: Ռուհանին ասաց, որ անհրաժեշտ են հետագա բանակցություններ Կասպից ծովի բաժանման հարցը լուծելու համար, թեև անհասկանալի է, թե արդյոք նա խոսել է մոտ 22 կմ հեռավորությամբ ջրափնյա գծի մասին, որը համարվում է ափամերձ պետության տարածքային ջրերը:
Ըստ անկախ վերլուծաբանների, պատահական չէ, որ Կասպից ծովի պրոբլեմներով սկսել են զբաղվել հենց այս օրերին, երբ ԱՄՆ սկսել է ճնշել միանգամից երեք ուղություններով, որից երկուսը՝Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար շատ կարևոր են, և որոնք իրականացնում են ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ ջանքեր: Նույնիսկ թուրքական արժութային շուկայում տեղի ունեցող խուճապը, կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ, կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ Անկարան, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, հանդիսանումյ է Երևանի տասը խոշորագույն առևտրական գործընկերներից մեկը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ԱՄՆ-ն, ըստ էության, ցանկանում է նրան կտրել հիմնական արժութային և ապրանքային շուկաներից, որպեսզի կանգնեցվի Իսլամական Հանրապետության քաղաքական և ռազմական ազդեցության աճը տարածաշրջանում: Կարևոր է, որ սահմանափակող միջոցառումները վերաբերում թե իրանական ընկերություններին, և թե արտասահմանյան այն ընկերություններին, որոնք բիզնես են անում Թեհրանի հետ: Սանկցիաները կազդեն ինչպես Իրանի էներգետիկ ոլորտի, այնպես էլ Կենտրոնական բանկի գործառնությունների վրա, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերի վրա:
Հայաստանը պետք է ակտիվորեն օգտվի առկա հնարավորություններից: Խոսքն, առաջին հերթին, վերաբերվում է ոչ միայն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շուտափույթ կառուցման կարևորությանը, այլ նաև Թեհրանի նախաձեռնության իրականացմանը՝ Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք կառուցելու մասին: 2016 թ. նոյեմբերի 23-ին Իրանը Հայաստանի տարածքով ստացավ առաջին բեռը Եվրոպայից: Այն փորձնական եղանակով Իրան ժամանեց Գերմանիայից, նոր մուլտիմոդալ տարանցիկ երթուղու միջոցով, որն Իրանը Սև ծովով կապում է Եվրոպայի հետ: Հետագայում նախատեսվում է, որ այդ երթուղին կփոխարինի այն երթուղուն, որն անցնում է Թուրքիայի տարածքով:
Պետք չէ անտեսել նաև Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանիի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու ուղղությամբ բանակցություններ սկսելու մասին: «Մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի Դաշնությանն էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորության մասին», - ասել է նա: Նրա խոսքով, Իրանի համար շատ կարևոր է միացումը եվրոպական էլցանցերին, ընդ որում, Թեհրանն ունի այդ նպատակին հասնելու մի քանի տարաբերակ: «Տարբերակներից մեկն էլ միացումն է մեր հյուսիսային հարևանների միջոցով», - ասել է նա:
Մնում է միայն հուսալ, որ այս նախագծերը Երևանում չեն հետաձգվի և չեն փոշոտվի «հեռավոր դարակներում»: