Արմինֆո. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, առաջին փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի հայ-ճապոնական փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արևային էներգիայի, ինտենսիվ և նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարվել է նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը:
Կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, մասնավորապես Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերին կայանալիք այցը Հայաստան:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի և Ճապոնիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 81.5 մլն դոլար, արձանագրելով 56.7% աճ: Միևնույն ժամանակ, արտահանումը հասել է 492 հազար դոլարի, աճելով 29.6%, իսկ ներմուծումը`մոտ 81 մլն դոլարի, աճելով 56.9%: