Արմինֆո.Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ:
Վալերի Օսիպյանը նշել է, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հայտարարությունը, որ որոշ քաղաքացիներ փոխելով բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում` մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ և նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն` նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։
Ոստիկանության պետը շեշտել է, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես և այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան:
Վալերի Օսիպյանն ընդգծել է, որ համայնքային ոստիկաններին պետք է աջակցեն նաև մյուս ստորաբաժանումները: Ընտրացուցակները ճշտելու նպատակով բնակարան այցելող ոստիկանը պետք է լինի համազգեստով և քաղաքացիների հետ ցանկացած պարագայում շփվի բարեկիրթ ու հարգալից: Ոստիկանության պետը անդրադառնալով ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում է հայտնել, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով, և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։
«Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտել է ոստիկանության պետը: Նա նաև հիշեցրել է, որ ընտրության օրը ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկան պետք է իր մոտ ունենա ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց: Իսկ մինչ ընտրությունները ստորաբաժանման ղեկավարներին ոստիկանության պետը հանձնարարել է հիշյալ ուղեցույցերով գործնական պարապմունքներ անցկացնել ոստիկանության ծառայողների հետ:
Նշենք, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի են ունենալու ընթացիկ տարվա աշնանը: Ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն քաղաքական ուժերից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների անուններն արդեն հայտնի են. «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, «Ծառուկյան՚ դաշինքի ցուցակը` Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի՚ կուսակցության ցուցակը` Զարուհի Փոստանջյանը, «Հանրապետություն՚ և «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունների միասնական ցուցակը` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են «Հիմնադիր խորհրդարանը՚ և «Սասնա ծռերը՚, որոնք պետք է ստեղծեն կուսակցություն: Այդ դեպքում նրանք մտադիր են քաղաքապետի պաշտոնում առաջադրել ճարտարապետ Անահիտ Թարխանյանին: