Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազության կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 46 պատգամավորի և Արցախի խորհրդարանի 15 պատգամավորի միջնորդության մերժումն անիրավաչափ և անհիմն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Գլխավոր դատախազության այդ որոշումը խորացնում է կասկածները, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` հետագա քաղաքական գործընթացների վրա նրա հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: «Ավելին, Հատուկ քննչական ծառայության ղեկավարի հայտարարությունը, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը չպետք է փոխվի, կարելի է Գլխավոր դատախազությանն ուղղված մեսիջ համարել: Դրանից հետո ինչպես չխոսել այն մասին, որ նոր Հայաստանում ընտրովի արդարադատություն է իրականացվում, եթե Հայաստանի և Արցախի խորհրդարանների 60 պատգամավորի երաշխավորությունը մերժվում է, իսկ «Սասնա ծռերի՚ գործով մի քանի խորհրդարանականի երաշխավորությունը բավարարվում: Ստացվում է, որ Քոչարյանի ազատության մեջ գտնվելն ավելի վտանգավոր է, քան պետական օբյեկտը զավթած մարդկանց գտնվելը: Ինձ համար նման երկակի չափանիշներն անհասկանալի են՚,- հայտարարել է Շարմազանովը` ընդգծելով, որ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք այսօր չկա:
«Քննչական մարմնի և Գլխավոր դատախազության բոլոր փաստարկները, որ նրա խափանման միջոցը փոխելը կարող է բացասաբար անդրադառնալ գործընթացի վրա, ուղղակի անհեթեթ են: Եթե Քոչարյանը ցանկանար խուսափել պատասխանատվությունից կամ տորպեդահարել քննության ընթացքը, արտերկրից չէր գա Հայաստան, ինչի հնարավորությունը նա ուներ՚,- նշել է Շարմազանովը` ընդգծելով, որ խոսքը նույնիսկ այն մասին, չէ, թե իրավաչափ է կամ ոչ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը. «Այդ հարցը թող քննությունը պարզի: Ավելին` նպատակահարմար կլիներ արտասահմանից փորձագետներ հրավիրել` ավելի օբյեկտիվ հետաքննություն ապահովելու նպատակով: Ոչ ոք դեմ չէ, որ գործն ամբողջությամբ բացահայտվի, իսկ մեղավորներն արժանի պատիժ կրեն: Խոսքն այն մասին է, որ Արցախի առաջին նախագահին, ղարաբաղյան պատերազմի հերոսին, Հայաստանի երկրորդ նախագահին, ով մեծ ներդրում է ունեցել հանրապետության զարգացման գործում, կալանքի տալ պահելու որևէ հիմք չկա: Դա վնաս է հասցնում երկրի հեղինակությանը: Անկեղծորեն խոստովանեմ` խնդիրն անձերի մեջ չէ: Նման իրավիճակում հայտնվեր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում էլ հանդես կգայի նման միջնորդությամբ՚:
Ստեղծված իրավիճակը, Շարմազանովի կարծիքով, կհանգեցնի Հայաստանում Փաշինյանի դիկտատուրայի հաստատմանը: