Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 46 պատգամավորի միջնորդությունը:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասել են Գլխավոր դատախազությունում:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ 46 պատգամավոր ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար: Ստորագրողների թվում են ԱԺ նախագահը և փոխնախագահները, ՀՀԿ խմբակցության մեծ մասը, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Իշխան Զաքարյանը և ՀՅԴ խմբակցությունից պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Ռուզան Առաքելյանը։ Նախօրեին նման միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր: