Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները և բոլոր այլ փաստաթղթերն իմպերատիվ չեն, քանի դեռ չեն ընդունվել բոլոր կողմերի կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Մադրիդյան սկզբունքները չեն կարող իմպերատիվ լինել՝ հաշվի առնելով նաև այն, որ դրանց մշակմանը Ստեփանակերտն անմիջական մասնակցություն չի ունեցել. դա ընդամենը համանախագահների և բանակցություններին մասնակցող կողմերի առաջարկների հավաքագրում է: Միջնորդներն իրենք բազմիցս ասել են, որ իրենք ընդամենն արբիտր են և մտադիր չեն ինչ-որ լուծումներ պարտադրել կողմերին»,- հայտարարել է նա:
Խոսելով ընդհանուր առմամբ բանակցությունների մասին՝ Բաբայանը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել երկու գործընթաց. «Առաջինն ուղղված է հակամարտության վերջնական կարգավորմանը՝ համապատասխան փաստաթղթի ստորագրման հիման վրա, բայց դա հնարավոր է միայն այդ գործընթացին Ստեփանակերտի լիրավ մասնակցության դեպքում: Պարզ է, որ այդ հարթությունում շուտափույթ տեղաշարժեր ակնկալել չենք կարող՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, որը մշտապես պատերազմով է սպառնում ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին: Եթե Ադրբեջանը հրաժարվի իր այդ քաղաքականությունից և գիտակցի, որ վերադարձ անցյալին երբեք չի լինի, որ Արցախը երբեք չի վերադառնա նախկին ԼՂԻՄ սահմաններին, հնարավոր է, բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցվի: Երկրորդ գործընթացն ուղղված է տարածաշրջանում կայունության պահպանմանը: Եվ այդ հարցում մեծ դեր են խաղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները՝ նույնիսկ ոչ բարձր մակարդակով»,- հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:
Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին՝ Բաքվի ռազմատենչ սպառնալիքների լույսի ներքո, Բաբայանը նշել է, որ մեկ բան է սպառնալ, մեկ այլ բան՝ կյանքի կոչել այդ սպառնալիքները: «Պատերազմ սկսելն այնքան էլ հեշտ չէ: Դրա համար պետք է համապատասխան նախադրյալներ լինեն՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն, պառակտում հայ հասարակությունում, հայկական ԶՈւ մարտունակության նվազում: Իսկ նման միտումներ այսօր չկան, հետևաբար՝ լայնամասշտաբ պատերազմ մոտ ապագայում սպասել պետք չէ, սակայն մենք դրան պետք է միշտ պատրաստ լինենք»,- ասել է Բաբայանը: