Արմինֆո. Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են հայկական կողմի համար՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք: Այդ մասին Քաշաթաղում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը Արայիկ Հարությունյանը:
Նա խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները՝ նշելով, որ դեռևս վարչապետության տարիներին հրապարակավ դատապարտել և անընդունելի է համարել Մադրիդյան սկզբունքները: «Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում»,- հայտարարել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով:
«ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- հայտարարել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: