Արմինֆո.«Այո, մենք շարունակում ենք չափազանց կարևորել Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին, ես արդեն ասել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից, բայց` ոչ Արցախի, քանի որ Արցախն ունի իր ղեկավարությունը՚, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում, նա հաստատել է բանակցությունները շարունակելու և հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը: Փաշինյանը նաև ընդգծել է, որ բոլոր քայլերն ու որոշումները պետք է համահունչ լինեն ստեղծված իրողություններին և բխեն դրանցից: «Դիրքորոշումներն ու որոշումները չպետք է լինեն կարծրատիպային՚, - նշել է նա, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չափազանց կարևոր է, և դրան կարելի է հասնել համապատասխան մթնոլորտի առկայության պայմաններում: Ընդ որում Հայաստանի վարչապետը նշել է, որ Բաքուն իր ռազմատենչ հայտարարություններով և սադրանքներով խոչընդոտում է այդպիսի մթնոլորտի ստեղծմանը: «Դեհ` իսկ մենք մեր գործողությունները կորոշենք իրավիճակի զարգացմանը համապատասխան: Եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումները և նպաստի հաշտության մթնոլորտի հաստատմանը, մեր քայլերը կլինեն համաչափ: Իսկ եթե իրավիճակը զարգանա այլ հունով, այդ դպքում նույնպես մեր քայլերը կլինեն համաչափ: Մեր քայլերը պետք է լինեն համարժեք, որոնք բխեն օպերատիվ իրավիճակից և հայկական երկու հանրապետությունների ազգային շահերից՚, - ամփոփել է Փաշինյանը: