Արմինֆո. Շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի մեծ թատրոնի հանդիսատեսին է ներկաայցվել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
Երկար սպասված և հայկական մշակույթի համար նշանակալի իրադարձությանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը` տիկնոջ հետ, և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Մինչ ներկայացումն սկսվելը ելույթի խոսքով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
«Գայանե» բալետը մեծ սիրո, հավատարմության, ազնիվ եւ աշխատասեր մարդկանց պատմություն է: Հենց այդպիսին են այսքան տարիներ եղել հարաբերությունները: Իսկ Արամ Իլիչի հայտնի սուսերով պարը մեր ազգի անսասան ոգու, զգացմունքների պոռթկման, էներգիայի մարմնացումն է, որն ուղղված է բացառպես արարմանը: Եվ այսօր այդ պոռթկումն այս բեմում պետք է ոգեշնչի մեզ դեպի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ավելի ակտիվ, բազմակողմանի եւ խորը զարգացում», - ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան:
Հոբելյանական բեմադրությանը մասնակցել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի եւ Աթանես Առաքելյանի գլխավորությամբ, թատրոնի բալետային խումբը, առաջատար մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, թատրոնի մեկանակատարներ Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգարյանը, Ռազմիկ Մարուքյանը, թատրոնի բալետային խմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: Նախագծի պրոդյուսերը Կարեն Խաչատրյանն է: Միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը: