Արմինֆո. Օրերս Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների զորավարժության ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Անդրադառնալով Փանիկի միջադեպին` Դավիթ Տոնոյանը լրագրողնեևրի հետ զրույցում, մասնավորապես, նշել է, որ ռուսական 102-րդ ռազմակայանի զոկավարժություններն անցկացվում են ամեն տարի և համաձայնեցված էին Հայաստանի պաշտպանության նախարարության հետ: Նախարարի ասելով, այդ միջոցառման շրջանակում նախատեսվում են որոշակի վարժանքներ, որոնք իրականացրել են հետախուզական ստորաբաժանումները: «Այն վայրը, որտեղ այդ ստորաբաժանումները զորավարժություն էին անցկացնում, համաձայենցված չի եղել Հայաստանի ՊՆ հետ, քանի որ, ինչպես հայտնի է, հետախույզները անգամ խոշտանգման դեպքում իրենց գործողությունների մանրամասները չեն բացահայտի: Այդ պահը դարձել է գերատեսչությունների միջև լարված խոսակցության առարկա: Սակայն, ցանկանում եմ բացել փոքր գաղտնիք. ռուսական ստորաբաժանումները զորավարժության շրջանակում Փանիկի համար նախատեսել էին իրենց աջակցող բնակավայրի դեր, և գյուղի կողմից մարտնչում էին պայմանական հակառակորդի դեմ՚, - բացատրել է Տոնոյանը, վերստին ընդգծելով, որ ռուսաստանցի հետախույզների գործողությունները չի արդարացնում:
Նա ընդսմին նշել է, որ սխալներ թույլ են տրվել ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմերից: Նրա ասելով, միջոցառումներից մեկ օր առաջ ռուսական կողմը իրազեկել է, որ զորավարժության շրջանակում կիրականացվեն տեղաշարժեր, սակայն չի ճշտել, թե` հատկապես որտեղ: «Նման միջոցառումները պետք է համաձայենցված լինեն մեզ հետ` իրավաբանական տեսանկյունից: Սակայն, քանի որ ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և ընդունել է իր մեղքը, մենք կանենք համապատասխան հետևություններ, և այսուհետև 102-րդ ռազմակայանի բոլոր իջոցառումները ավելի մանրակրկիտ կհամաձայնեցվեն Հայաստանի ՊՆ հետ՚, - նշել է Տոնոյանը, հավելելով, թե` ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերը ծառայողական քննություններ են անցկացնում միջադեպի առնչությամբ, և մեղավորները կպատժվեն:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ 102-րդ ռազմակայանին առնչվող վերջին և այլ միջադեպերի ֆոնին Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման շուրջ միջպետական պայմանագրում ինչ-որ փոփոխություն լինի, Տոնոյանը նշել է, որ ժամանկա առ ժամանակ միջպետական փաստաթղթերում որոշակի սրբագրումներ կատարելու անհրաժեշտություն է ծագում: Այդ առումով նա չի բացառել նաև Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման շուրջ պայմանագրում սրբագրումների հնարավորությունը, նշելով, որ Փանիկի միջադեպը կարող է դրան նպաստել:
Հիշեցնենք, որ Փանիկ գյուղում ռուսաստանցի զինծառայողները անցկացրել էին զորավարժություն, որն ուղեկցվել էր ոչ մարտական փամփուշտներով հրաձգությամբ: Քանի որ 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը գյուղի բնակիչներին նախապես չէր իրազեկել, նրանցից շատերը վախեցել էին: Հետագայում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել էր ռազմակայանի ղեկավարության հետ և քննարկել այդ հարցը: Ռազմակայանի ղեկավարությունն ընդունել էր իրենց սխալն ու ներողություն խնդրել: