Արմինֆո. «Ընդդիմադիր եղած ժամանակ իմ ամենասուր քննադատությունում անգամ չէի կարող պատկերացնել, որ երկրում տիրում է այնպիսի իրավիճակ, որ պետական միջոցների թալանն ու յուրացումը կարող էին հասնել այսպիսի ֆանտաստիկ չափերի: Այսպիսին է իրականությունը, և մենք պետք է սա արձանագրենք՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ կոռուպցիոն բացահայտումները շոշափում են ավելի մեծ թվով մարդկանց, ընդ որում, նույնիսկ նրանց, ովքեր ծափահարում էին թավշյա հեղափոխությանը: «Երբ ես ասում էի, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ ոքի չի խնայելու, նույնիսկ, իմ ընտանիքի անդամներին, ես չէի կատակում՚, - հայտարարել է Փաշինյանը:
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը` նա նշել է, որ կարող են լինել նաև սխալ նշանակումներ: «Բայց մենք երբեք չենք խորշել մեր սխալների շտկումից՚, - նշել է վարչապետը, ընդգծելով, որ այժմ զգացվում է որակյալ կադրերի պակաս: Նրա հավաստմամբ, որոշ ոլորտներում կառավարությունը միտումնավոր չի գնացել հեղափոխական կադրային փոփոխությունների` դրանց գործունեության բնականոն ընթացքը չխախտելու նպատակով: Այդպիսի ոլորտներից վարչապետը նշել է Ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: «Ի վերջո, կադրային բարեփոխումները չեն նշանակում կադրային ջարդ, այն կադրերը, որոնք արդյունավետ կաշխատեն նոր իրողություններում, կմնան իրենց տեղերում՚, - ամփոփել է վարչապետը: