Արմինֆո. Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սադրանք էր: Հուլիսի 19-ին ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, նման քայլերն անթույլատրելի են, իսկ մեղավորները պետք է պատժվեն: «Ներկայումս, ՀՀ ոստիկանությունը նյութեր է պատրաստում միջադեպի հետ կապված: Բայց, ամեն դեպքում, պետք պահպանել ընթացակարգերը, կանխելու համար նման միջադեպերի կրկնությունը», - ասել է ՀՀ վարչապետը:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆո գործակալությունը, Փանիկ գյուղի ղեկավարությունը հայտարարել է, որ իր վարչական տարածքում տեղի են ունեցել զորավարժություններ, որոնք ուղեկցվել են կրակոցներով (ինչպես հետագայում պարզվեց` դատարկ փամփուշտներով), բայց ծանուցումները նրանք չեն ստացել, հետևաբար, շատ գյուղացիներ վախեցել էին:
Մինչդեռ, 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչը Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է, որ 102-րդ ռուսական ռազմակայանում քննվում են միջադեպի մանրմասները: «Մենք այդ հարցի շուրջ ձեռք ենք բերել համաձայնություն: Հետաքննում ենք միջադեպը, որից հետո մամուլի ծառայությունը կտեղեկացնի արդյունքների մասին»: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, իր հերթին, ասել է, որ ռուսական ռազմական ուժերը պատմել են ֆորս-մաժորային իրավիճակի մասին և ներողություն են խնդրել միջադեպի համար: «Սա առաջին անգամ էր, և նրանք հավաստիացրել են, որ հաջորդ անգամ նման մի չի կրկնվի, իսկ մեղավորների նկատմամբ իրականացվում է ներքին հետաքննություն, և նրանք անպայման կպատժվեն», - հայտարարել է Սարուխանյանը: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Էգոյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության ղեկավարի ուշադրության ներքո:
Այս հարցը նախօրեին քննարկել են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը: Հատկանշական է, որ արդեն երկու տասնամյակների ընթացքում 102-րդ ռազմաբազայի զինծառայողներըզորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղի մոտակայքում` Ալագյազի պոլիգոնում: «Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ այսուհետ առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում: Սակայն, անհասկանալի է այն աժիոտաժը, որը բարձրացվեց մի խումբ մարդկանց կողմից»,-պատմել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար: