Արմինֆո. Հարկայինների կողմից տուգանված գազալցակայների շահերի ներկայացուցիչը գտնում է, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են և արդարադատության հետ ոչ մի կապ չունեն: Այս մասին է ասված «Արզնի Գազ», «Ֆակել Գազ», «Նախշին», «ԱտոԳազ», «Արզնի Գազ» և «Գազ Գրուպ» ընկերությունների ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Անդրիկյանի հայտարարության մեջ:
Ըստ փաստաբանի, ՊԵԿ քննչական վարչության կողմից նշված ընկերությունների դեմ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 205 Հոդվածի 1 և 2 մասերի հատկանիշներով: Քրեական գործի հիմքում, հիշեցրել է նա, նշվում է, որ այս ընկերությունները 2016-2018 թվականներին խուսափել են հարկերի վճարումից, նշելով գազի իրացման ցածր ծավալներ: «Ըստ էության, քրեական գործի հարուցման հիմքում ըևնկած են ակնհայտ անհիմն հաշվարկներ ու փաստեր, որոնք չեն առնչվում արդարադատությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին ու ազատություններին», - ասել է նա:
Ըստ փաստաբանի, նույնիսկ եթե պարզվի, որ 2016-2017 թվականներին իրացված և ներկայացված գազի ծավալները չեն համապատասխանում միմյանց, միևնույնն է, դա չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, քանի որ այդ ցուցանիշների վրա կարող են ազդել զանազան գործոններ, որոնք մեղադրող կողմը հաշվի չի առել:
Հակառակ դեպքում, ասել է նա, մեղադրող կողմն ստիպված չէր լինի քրեական գործի հարուցումից հետո սկսել ոլորտի բանիմաց անձանց «խուճապային» հարցումները, «օպերատիվ» կարգով պարզելու համար գազալցակայանների գործունեության նրբությունները, դրանով փորձելով փրկել իրավիճակը: «Այնուամենայնիվ, քրեական գործի հիմքում ընկած են ծիծաղելի փաստեր, որի նպատակն է միջամտել այդ ընկերությունների գործունեությանը, խանգարել նրանց աշխատանքը և գործի շրջանակներում ցույց տալ հանրությանը, որ այդ ընկերությունների նկատմամբ, իբր, իրականացվում են պատժիչ, արդյունքում ստեղծելով պատրանք, որ Հայաստանի պետական բյուջեում վերականգնվում են հարյուր միլիոնավոր դրամներ», - ասված է պաշտպանական կողմից հայտարարության մեջ:
Անդրիկյանը նաև նշում է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են այդ ընկերությունների գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկան: Նրա խոսքերով, ընկերություններն առաջարկվել են պատճենել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչը մերժվել է: Այդ գործողությունների նպատակը, ըստ փաստաբանի, ոչ միայն այդ ընկերությունների գործունեության բնականոն ընթացքի խախտումն է, այլ նաև այդ ընկերությւոնների ու դրանց հետ փոխկապակցված անձանց բարի համբավի սևացնելն է: «Մենք կոչ ենք անում վարույթն իրականացնող մարմնին, զերծ մնալ նման գործելաոճից, ինչն սկսում է նմանվել մութ սենյակում կատու գտնելու ջանքերին, հատկապես, երբ այնտեղ կատու չկա», - ասված է հայտարարության մեջ: