Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին (ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին` վարչապետի որոշմամբ)՝ Արցախում իր կողմից բողոքի հանրահավաքների կազմակերպման վերաբերյալ լուրերի առնչությամբ բացատրություն տալու համար: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի հավաստմամբ, վարչապետն ունի հստակ դիրքորոշում առ այն, որ ոչ մի զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում` խստագույնս կպատժվի: Ավելի վաղ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը գեներալ Միքայել Արզումանյանի հետ արված լուսանկար էր զետեղել իր ֆեյսբուքյան էջում, գրելով, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, և իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։
Հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վահագն Հարությունյանն ավելի վաղ ղեկավարել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով քննչական խումբը:
Նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը: Այդ մասին նա հաղորդել է «Ֆեյսբուքի՚ իր էջում: «Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից: Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք... Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,- գրել է Գևորգ Աճեմյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության անդամ է: Նրա «Ֆեյսբուքի՚ էջում վիրավորական արտահայտություններ ներառող գրառումներ են եղել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Բացի այդ, Գ.Աճեմյանն առնչություն է ունեցել «Աշտարակ կաթ՚ ձեռնարկության հետ կապված սկանդալին: Ըստ լրատվամիջոցների, նա փորձել է ներգործել ձեռնարկության նոր սեփականատերերի վրա` այն նախկին սեփականատեր Աշոտ Հակոբյանին վերադարձնելու նպատակով: