Արմինֆո. Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
«Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ վերջին ժամանակներս Էջմիածնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով: Հուլիսի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Նրա հասցեին հնչել են սպառնալիքներ: Մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցներն ապաշրջափակել են ճանապարհը: