Արմինֆո. Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում, մինչդեռ ինքը չի վերանայել ԵՄ հետ իր քաղաքական օրակարգը, հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով եվրոպացի գործընկերներից հայկական կողմի լուրջ սպասումների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերը:
Նրա խոսքով, ԵՄ-ն ողջունում է Հայաստանում փոփոխությունները և պատրաստ է աջակցել անցկացվող բարեփոխումներին: Ինչպես նշել է Սվիտալսկին, այդ ուղերձներն են փոխանցվել Հայաստանի վարչապետին ԵՄ ներկայացուցիչների հետ բրյուսելյան հանդիպումների ընթացքում: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունն իր կողմից, ինչպես նշել է դեսպանը, պատրաստ է լսել Հայաստանի կառավարության սպասումները և հնարավոր ամեն բան անել՝ կոնկրետ գործողություններով հայ ժողովրդին աջակցելու նպատակով:
Հայաստանը, նրա խոսքով, ԵՄ-ից ակնկալում է ինստիտուցիոնալ, տեխնիկական և ֆինանսական աջակցություն, սակայն առաջընթացի ապահովման համար եվրակառույցներն իրենց հերթին պետք է հստակ առաջարկներ ստանան հայ գործընկերներից: «Ես պարբերաբար հանդիպում եմ կառավարության անդամների հետ և ամեն հանդիպման ժամանակ հարց ենք տալիս. «Ինչո՞վ կարող ենք օգնել ձեզ: Ի՞նչ եք ակնկալում մեզանից», քանի որ անհրաժեշտ է ամբողջական պատկերացում ունենալ, թե ինչի շուրջ պետք է համատեղ աշխատանք տարվի»,- նշել է նա:
ԵՄ-ում հասկանում են, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք, շատ նախարարներ «նորեկներ» են կառավարության աշխատանքում: Միաժամանակ, ինչպես նշել է Սվիտալսկին, ԵՄ-ն «բարդ կազմակերպություն» է, և որոշ պաշտոնատար անձանց և կազմակերպությունների հեշտ չէ հասկանալ վերջինիս աշխատանքի էությունը: Նրա խոսքով, այս շաբաթ կկազմակերպվի սեմինար, և «նոր անձանց» հնարավորություն կընձեռվի հասկանալու, թե ինչպես աշխատել ԵՄ հետ և աջակցության ինչ գործիքներ կան:
Այսօր, ինչպես ընդգծել է Սվիտալսկին, Հայաստանի և ԵՄ հարաբերությունների քաղաքական և իրավական հիմքը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է: Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանա վերանայել գործընկերության առաջնահերթությունները, որոնք համաձայնեցվել են դեռ նախկին նախարարների կաբինետի օրոք, Եվրամիությունը պատրաստ է քննարկել այդ գաղափարները:
Ինչ վերաբերում է ԵՄ կողմից Հայաստանին ֆինանսական աջակցությանը, ինչպես պարզաբանել է պատվիրակության ղեկավարը, այն որոշված է
7-ամյա ժամանակահատվածի՝ 2013-2020 թթ. համար: Այն բաժանվում է երկու ենթաշրջանի, և 2018-2020 թթ. Հայաստանին ֆինանսական օգնությունն ավելացել է 25%-ով (140-160 մլն եվրո): Այդ թիվը, ինչպես նշել է դեսպանը, բավական զգալի է: Ըստ որում, Հայաստանը կարող է ավելին ստանալ, եթե «աշխատող» ծրագրեր առաջարկի: Սվիտալսկին կոչ է արել չմոռանալ, որ Հայաստանին արտաքին աջակցության ավելի քան 50%-ը ստացվում է ԵՄ-ից: Այդպիսով, ինչպես ընդգծել է Սվիտալսկին, չնայած ընթացակարգերի ողջ բարդությանը, ԵՄ-ն մեծ ճկունություն է ցուցաբերում գործընկերների հետ փոխհարաբերություններում:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել Բրյուսելի օդանավակայանում իր ճեպազրույցի մի հատվածը պարզաբանմամբ. «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»: