Արմինֆո. Շենգենյան վիզան հայեի համար կարող է չթանկանալ: Այդ մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան օրենսգրքի բարեփոխումների հնարավոր արդյունքները:
Դիվանագետի խոսքով, միգրացիոն ուժեղ ճնշման պատճառով Եվրամիությունում մեկնարկել են Շենգենյան օրենսգրքի բարեփոխումները: Դա արվել է՝ սեփական սահմանների պաշտպանության նպատակով: «Նախատեսվում է ներմուծել որոշակի տարրեր, որոնք կնպաստեն մարդկանց տեղաշարժի վերահսկելիության մակարդակի բարձրացմանը»,- պարզաբանել է Սվիտալսկին: Արդյունքում, Շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի վիզայի ձևակերպման հետ կապված ընթացակարգային փոփոխություններից բացի, հնարավոր է, վիզայի բազային գները բարձրանան 60 եվրոյից մինչև 80 եվրո, իսկ ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ գործող համաձայնագրեր ունեցող երկրների համար՝ 30 եվրոյից մինչև 40 եվրո:
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Սվիտալսկին, պարզեցված վիզային ռեժիմով երկրի՝ Հայաստանի համար ընթացակարգային փոփոխություններ չեն նախատեսվում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով, երկրի քաղաքացիների վրա չի ազդի նաև Շենգենյան վիզայի արժեքի բարձրացումը:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր է ստորագրվել, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման կարգը: Այժմ վիզայի տրամադրման որոշումն ընդունվում է տասը օրվա ընթացքում, իսկ արտակարգ դեպքերում`երկու կամ ավելի օրերի ընթացքում: Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կրճատում: Պայմանագրի ստորագրումից հետո վիզայի գինը նվազեցվեց մինչև երեսունհինգ եվրո, իսկ մինչև տասներկու տարեկան երեխաների տրամադրվում է անվճար վիզա, որը տրվում է, նաև հաշմանդամներին և նրանց ուղեկցող անձանց: Իսկ դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի քաղաքացիները լիովին ազատվում են մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից: Վիզաների տրամադրման պարզեցումն ազդել է նաև ԵՄ երկրների տարածքում Հայաստանի քաղաքացիների մնալու ժամկետների վրա: Այժմ այս ժամանակահատվածն իննսուն օր է`հարյուր ութսուն օրերի յուրաքանչյուր ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ստորագրվել է նաև ռեադմիսիայի մասին համաձայնագիր:
Դրանից հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են ազատականացման գործընթացի երկրորդ փուլի շուրջ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, սակայն դա մշտապես հետաձգվել է այս կամ այն պատճառներով: