Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում՝ գնահատելու վտանգի ասոտիճանը, որը սպառնում է ծագումով հայ Բելառուսի քաղաքացի, բլոգեր Վլադ Մովսեսովին: Այդ մասին հուլիսի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բելառուսի քաղաքացի Վլադ Մովսեսովը տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ իրեն սպառնում են, և իր կյանքին վտանգ է սպառնում: Մենք կապի մեջ ենք նրա հետ: Այս պահին քայլեր են ձեռնարկվում՝ գնահատելու Մովսեսովին սպառնացող վտանգի աստիճանը, և, իհարկե, նրան աջակցելու հնարավորությունը»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ քանի որ նա Բելառուսի քաղաքացի է, բելառուսական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն իրենց քաղաքացուն աջակցելու և նրա անվտանգությունն ապահովելու համար:
Վլադ Մովսեսովը հայտնի է դարձել Ադրբեջան այցից հետո, որտեղ ցանկացել է գտնել Գյանջա քաղաքում իր պապերի տունը: Ադրբեջան այցի մասին տեսանյութի հրապարակումից հետո նրա հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել: