Արմինֆո. Հայկական կողմն ամեն միջոց ձեռնարկում է Կարեն Ղազարյանին ադրբեջանական գերությունից շուտափույթ վերադարձնելու համար: Հուլիսի 16-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացին, որն առայժմ չպարզված հանգամանքներում
Հայտնվել է Ադրբեջանի տարածքում, հոգեկան շեղումներ ունի, ինչի պատճառով ազատվել է բանակում ծառայությունից: «Կան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են այդ փաստը: Բոլոր փաստերը փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե: Հայաստանի պաշտպանության նախարարությունը շփման մեջ է ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հետ և փորձում է նրանց միջոցով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ղազարյանի անվտանգ վերադարձի համար: Այլ ուղղություններով նույնպես աշխատանքներ են տարվում, սակայն տվյալ պահին այդ հարցում որևէ առաջընթացի մասին խոսելու հարկ չկա՚, - նշել է Բալայանը:
Նա նաև հավելել է, որ հասկանալի է, թե Ադրբեջանն իչու է բարձրացնում լարվածության աստիճանը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչի մասին նախօրեին ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, այդ նպատակին են ծառայում Ղազարյանին որպես դիվերսանտ ներկաայցնելու Բաքվի փորձերը: Այդ համատեքստում Բալայանը հիշեցրել է, թե Ադրբեջանում ինչպես էին վարվում գերության մեջ հայտնված մյուս ՀՀ քաղաքացիների հետ, որոնց կյանքերը չի հաջողվել փրկել Հայաստան վերադառնալուց հետո:
Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Հուլիսի 15-ի առավոտյան ժամերին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն- հետախուզական խումբը Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է սահմանին ոտնձգություն կատարել, այդ փորձը կանխվել է, հակառակորդը հարկադրված է եղել նահանջել, գերի է վերցվել ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը»: Մինչդեռ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում՚։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն, իր հերթին, ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձը կազմակերպելու համար։