Արմինֆո. Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է: Նախօրեին ֆեյսբուքյան ասուլիսում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է քայլ առ քայլ գնալ ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից:
«Ցավով եմ նշում, որ վերջին երկու ամսում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են, և երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքների ապահովմամբ», - ընդգծել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ինքը նույնպես եղել է քաղբանտարկյալ, և իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե Հայաստանում հայտնվեն նոր քաղբանտարկյալներ. «Մյուս կողմից` նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ: Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ՚, - եզրափակել է Փաշինյանը: