Արմինֆո. Որպեսզի սոցիալապես անապահով քաղաքացիները կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն, անհրաժեշտ է հատկացնել հավելյալ 8 մլրդ դրամ: Այդ մասին հուլիսի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ասելով, նախնական տվյալները ցույց են տալիս, որ չնայած մենք պետպատվերի շրջանակներում այդքան էլ մեծ գումարներ չենք տալիս, բայց դրանց հետ կապված լուրջ չարաշահումներ կան. «Որքան տեղյակ եմ` բուժհաստատություններից մեկում լուրջ չարաշահումներ են եղել, եւ գործը կփոխանցի իրավապահներին։ Մեխանիզմը հետեւյալն է, հիվանդանոց է գնում պետպատվերից օգտվող անձը, եւ նրա համար վճարում է պետությունը։ Առողջապահության նախարարությունից ինձ ասում են. պարզվել է, որ պետությունից գումարները ստացել են, առանց հիվանդին բուժօգնություն տրամադրելու։ Դա նշանակում է, որ իրական քաղաքացիներ, որոնք պետպատվերով պետք է բուժում ստանային, մնացել են դռների մոտ, նրանց ասել են. «Հերթ կանգնեք, հիմա չենք կարող պետպատվեր տրամադրել՚, - ընդգծել է Փաշինյանը: Վարչապետը նաև հայտարարել է, որ 2016-ի տվյալներով քաղաքացիների մոտ 36 տոկոսը, գիտակցելով, որ բժշկի դիմելու կարիք ունի, չի դիմել, հիմնականում` ֆինանսական պատճառներով. «Սա աղետալի վիճակագրություն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք սոցիալապես անապահովների ապահովագրությունը ներդնելու համար», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։