Արմինֆո. Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիկոլաս Լյոբելին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)՝ Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։
Նազարյանը և Լյոբելը համոզմունք են հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկան ոչ միայն պահպանվում, այլ նաև ակտիվանում է՝ շնորհիվ կանոնավոր հաճախականությամբ իրականացվող քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և խորհրդարանականների փոխայցելությունների։
Երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումների համատեքստում հյուրին ներկայացվել են ՀՀ կառավարության ծրագրով հռչակված գերակայությունները կյանքի կոչելուն միտված քայլերը։ Կողմերը քննարկել են հայ-գերմանական օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առկա ներուժն իրացնելու հնարավորությունները: Արծարծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ընթացքը, ինչպես նաև դրա կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքը։
Գերմանացի օրենսդիրը և ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել Բուդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևից բխող քայլերի շուրջ՝ ընդգծելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում ու դատապարտման պայքարում խորհրդարանականների անգնահատելի ներդրումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային իրավիճակին։