Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջադարձային չի համարում Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու տեսանկյունից:
Ինչպես Բրյուսելի օդանավակայանում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետը, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը այդ թեմայով առաջին շփումն էր, և ճիշտ չէ արդյունք ակնկալել առաջին հանդիպումից: «Նույնը կարող եմ ասել իմ հանդիպումների մասին: Ընդհանուր առմամբ, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, հրավերներ, Հայաստան այցելելու պատրաստակամություն, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Այնպես, որ, կարելի է համարել, որ այս այցն անձնական շփումների հաստատման համար էր: Այդ առումով` կարելի է համարել, որ նպատակին հասել ենք՚, - ասել է վարչապետը:
Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ եթե կողմերից մեկը ոչ թե պատրաստվում է խաղաղ կարգավորման, այլ մշտապես ագրեսիա է դրսևորում, հետևաբար, երկխոսության համար մթնոլորտ չկա, և համաշխարհային հանրությունը սա պետք է արձանագրի: «Հայաստանը նույնպես պետք է փաստի այս իրավիճակը և պատրաստ լինի իրադարձությունների ամեն մի զարգացման՚, - ասել է նա:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հարց չի բարձրացվել: