Արմինֆո. Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում:
«Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ: 2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է: Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին՚, - ասել է վարչապեը:
Նա նաև հայտարարել է, որ այսօրվա հավաքը վերստին կարևորում է միջազգային անվտանգության խնդիրները և այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը: «Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը: Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի և անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության և զոհողության: Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: «Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով: Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսևորումն էր, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը: