Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը:
Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը:
Հանրապետության նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ և Ռուսաստանի անվանի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Օգանեսյանի պատվին է անվանվել Մենդելեևի աղյուսալի «Օգանեսոն՚ տարրը:
Հիշեցնենք, որ դեռ 1998 թվականին, ի պատասխան հանրապետության կառավարության առաջարկին, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նախկին տնօրեն, լուսահոգի ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը և Յուրի Օգանեսյանը համաձայնել էին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հնարավորությունների գնահատման աշխատանք իրականացնել: Այն ժամանակ Յուրի Օգանեսյանի կոչին արձագանքեցին Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և այլ երկրների խոշորագույն գիտական լաբորատորիաների ղեկավարներ: Սետղծվեց աշխարհի 9 առաջատար գիտնականներից կազմված հանձնաժողով, որոնք գնահատում իրականցնելուց հետո Հայաստանի կառավարությանն առաջարկեցին ֆիզիկայի ինստիտուտի անմիջական նշանակությունից զատ նրա հնարավորություններն ու ենթակառուցվածքն օգտագործել նաև այլ նպատակների համար: Այդպես ծնվեց դեռ 1944 թվականին հիմնադրված ԵրՖԻ հիման վրա ուռուցքաբանության գերազանցության կենտրոն ստեղծելու գաղափարը, որի աշխատանքից ստացվող միջոցների մի մասը նախատեսվում էր ուղղորդել հիմնարար հետազոտությունների շարունակմանը: «Քչերը գիտեն, որ որպես Գերազանցության կենտրոնի ստեղծման նախաձեռնող հանդես է եկել հենց Դուբնայի ինստիտուտը, ինչը ֆունդամենտալ գիտությունը կիրառականի փոխակերպելու որոշակի օրինակ է», - ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրաչ Թորոսյանը, ընդսմին զարմանք հայտնելով այն առնչությամբ, որ կենտրոնի ստեղծումը վերածվեց անավարտ շինարարության օբյեկտի: «Իսկ չէ որ այդ համագործակցության հիման վրա կարելի էր ձևավորել հզոր գիտական կլաստեր, որը միավորեր Մեծամորի ԱԷԿ-ը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը, «Հայատոմ» ինստիտուտը, Ֆիզիկայի ինստիտուտը, այլ շահագրգիռ կազմակերպությունների», - փաստել էր Հրաչ Թորոսյանը:
Ի դեպ, Գերազանցության կենտրոնի «անավարտ՚ մնալու առնչությամբ վերջերս ծայրահեղ տարակուսանք է հայտնել նաև Հայաստանի վարչապետը, ով հանձնարարել է հնարավորություններ գտնել Հայաստանի համար այդքան կարևոր նախագիծն ավարտին հասցնելու համար: Մինչդեռ, նախորդ կառավարությունն անարդյունավետ էր համարել այդ նախագիծը, որն 80 տոկոսով իրագործված է հովանավորների միջոցներով: Ըստ երևույթին, Յուրի Օգանեսյանի այցը Հայաստան նպատակ ուներ ուղիներ գտնել նախագծի վերակենդանացման և վերագործարկման համար, որից նախորդ իշխանությունները հրաժարվել էին:
Մերձմոսկովյան Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի իրագործմանը Հայաստանում, որոնք նպատակաուղղված են երկրի գիտական ներուժի հետագա զարգացմանը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Ինստիտոտը, որի 18 հիմնադիր պետություններից (Բելառուս, Բուլղարիա, Չեխիա, Վիետնամ և այլն) մեկը Հայաստանի Հանրապետությունն է, մտադիր է այստեղ իրագործել երկու, այսպես կոչված, գործակցային ծրագիր: Խոսքը վերաբերում է գիտական խմբերի և լաբորատորիաների մավորման ստեղծմանը, որոնք համատեղ ջանքերով, գիտելիքների և փորձի փոխանակմամբ, ընդսմին ուսուցանելով երիտասարդ գիտնականներին, իրենց առջև որոշակի խնդիրներ կդնեն հիմնարար միջուկային հետազոտութհոյունների բնագավառում: Խոսքը վերաբերում է նաև տարբեր երկրների գիտնականների կողմից Սինխրոն հետազոտությունների ինստտիուտին աընթեր «Քենդլ՚ ժամանակակից էլեկտրոնային արագացուցիչի ակտիվ կիրառմանը, որն իր պարամետրերով անփոխարինելի է որոշ տեսակի հետազոտությունների համար: