Արմինֆո. Արդեն ավարտվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի կառավարության մակարդակով հաստատման փուլը, և այն կներկայացվի երկրի խորհրդարանի վավերացմանը:
Հուլիսի 12-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե` արդյոք հայտնի է Փարիզի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման օրը: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը երկպալատ է, և փաստաթուղթը պետք է անցնի հաստատման բոլոր փուլերը: Լաքոտը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը նպատակաուղղված է Հայաստանի հետ Եվրամիության փոխգործակցության ամրապնդմանն ու նոր հնարավորություններ է բացում ճյուղային համագործակցության համար:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում իշխանափոխությունը կանդրադառնա ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի վրա, Ֆրանսիայի դեսպանը փաստել է, որ երկրում տեղի ունեցած գործընթացներն, անշուշտ, նոր դինամիկա են հաղորդում Եվրոպայի հետ հարաբերություններին: «Ընթացիկ տարվա հունիսի 1-ից արդեն սկսվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի կարևոր կետերի իրագործումը: Եվ, անկասկած, դրանց թվում է նաև շարժունակության և մարդկանց միջև շփումների դյուրացման վերաբերյալ կետը: Սակայն, Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ է սկսել երկխոսություն: Կարծում եմ, որ երկխոսությունը կսկսվի այն ժամանակ, երբ Եվրոպան լիովին վստահ լինի, որ Հայաստանը կատարել է ստանձնած պարտավորությունների բոլոր կետերը՚, - ասել է նա:
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի Ֆրանսիայում ապաստանի տրամադրման հարցերի գործակալության խումբը` երկրում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրա ասելով, դա թույլ կտա հետագայում Հայաստանի քաղաքացիների հայտերն ուսումնասիրելիս ունենալ ավելի ամբողջական պատկեր և կայացնել առավել օբյեկտիվ որոշումներ: Լաքոտը փաստել է, որ Ֆրանսիայում ցանկանում են խուսափել հանրապետության տարածքում Հայաստանի քաղաքացիների անլեգալ գտնվելով պայմանավորված ամեն մի դրսևորումից: