Արմինֆո.Ֆրանսիան հավատարիմ է ստանձնած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են միջազգային փաստաթղթերից, այդ թվում՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքի հարցում: Այդ մասին հուլիսի 12-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոյի չեղարկման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
Նրա խոսքով, այդ լուրերին ծանոթանալուց հետո իրենք կապվել են Փարիզի հետ՝ տեղեկատվությունը ճշտելու նպատակով: «Այս առնչությամբ կցանկանայի ընդգծել, որ Ֆրանսիան հավատարիմ է ստանձնած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են միջազգային փաստաթղթերից: Եվ կշարունակի զերծ մնալ հակամարտող կողմերին որևէ զենքի կամ ռազմական տեխնիկայի վաճառքից»,- ընդգծել է Լաքոտը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու համար. «Պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքների»: Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սեպտեմբերի 25-27-ն
Ադրբեջանում կայանալիք ADEX-2018 պաշտպանական 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են լայն կազմով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է այս լուրը՝ ապատեղեկատվություն որակելով այն: