Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո դրական տեղաշարժերի համար պետք է նախադրյալներ լինեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են երկու հարթությունում: «Առաջին հարթությունը՝ փորձել առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: Անզեն աչքով երևում է, որ այդ ուղղությամբ առաջընթաց սպասել չենք կարող, եթե դատենք Բաքվի գործողություններով: Երկրորդ հարթությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների սկսում»,- նշել է Քոչարյանը:
Փոխնախարարի խոսքով, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություներից հետո հիմնական շեշտը դրվում էր երկրորդ բաղադրիչի վրա: «Իրականում Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորվածությունները, ինչպես նաև 1995 թ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք առաջ շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է փոխարտգործնախարարը:
Քոչարյանը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտակցում են, որ այդ երկու հարթությունները սերտորեն փոխկապակցված են: Փոխնախարարն ընդգծել է, որ վստահության մթնոլորտի բացակայությունը թույլ չի տալիս առաջընթացի հասնել: «Իսկ վստահության համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը չկրակեն»,- ընդգծել է Քոչարյանը:
Այն հարցին, թե կարող են արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգործել Բաքվի վրա, որպեսզի այն դադարի խոչընդոտել Արցախի մասնակցությանը բանակցություններին՝ Քոչարյանը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործն են անում, սակայն նրանք չունեն պարտադրելու մանդատ: «Նրանց մանդատն այլ է՝մերձեցնել կողմերի դիրքորոշումները և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: Իսկ եթե բանակցություններում առաջընթաց չկա, մեղավորը ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են, այլ՝ Բաքուն»,- ասել է նա: