Արմինֆո.ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Lydian Armenia ընկերության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին սպառնացող քաղաքացիների նկատմամբ: Այդ մասին ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ-ն և Ա.Ա-ն են:
Աղբյուրի համաձայն, 2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ-ն և Ա.Ա-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:
Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ-ի և Ա.Ա-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: