Արմինֆո. Հուլիսի 10-ին ՀԱՊԿ քարտուղարությունում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ու լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները։
ՀԱՊԿ ձևաչափում նախատեսված տեղեկատվության փոխանակման շրջանակում, որն վերաբերում է անմիջականորեն կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին իրազեկել է Նախիջևանի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, թե կազմակերպությունը մտահոգությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ զարգացող իրավիճակին: Վերջին ամիսներին Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան տեղամասում` առաջ տանելով իր դիրքերը և ձեռնարկելով սադրիչ գործողություններ: