Արմինֆո.Նոր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
«Մենք պետք է հասկանանք, թե մինչև այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեսքտում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երևի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական և պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով: Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին և մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաև գտնել լուծումներ: Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ես այս պահին, բնականաբար, որևէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություններ է առաջացնում: Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում և ինչքանով չեն փարատվում, որքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաև քաղաքացիաիրավական և քրեաիրավական հետևանքներ»,- ասել է վարչապետը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:
«Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականին շահագործման հանձնված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում ճաքեր են հայտնաբերվել: Իսպանական «Corsan Corviam» շինարարական ընկերության հետ սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել, ինչի առնչությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պահանջել է վնասված ճանապարհահատվածների վերականգնում: Մինչդեռ իսպանական ընկերությունը Հայաստանում, ավելի ստույգ՝ երկրի ճանապարհաշինության ոլորտում վաղուց «լավ համբավ» է ձեռք բերել: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակին հայտարարել էր, որ իսպանական շինարարական ընկերությունն իսկական չարիք է դարձել «Հյուսիս-Հարավ՚ ավտոմայրուղու համար: Նրա ասելով, ավտոմայրուղու շինարարությունը ձգձգվում էր իսպանական ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով, և Արարատի ճանապարհը նույնպես սարքվել է անորակ:
Ավելի լավ չէ իրավիճակը Հյուսիս-հարավ միջանքցի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում, որտեղ շինարարական խնդիրներ են առաջացել։ Այս հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական Սինոհիդրո ընկերությունը։ Անդրադառնալով վերը նշված հատվածներում առկա խնդիրներին` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կարծքիներ են հնչում, որպեսզի կասեցվի ընկերության հետ պայմանագիրը, սակայն, Ավինյանի կարծիքով, դա հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, և պետք է մանրամասն քննարկել։ «Մեզ առաջարկվող լուծումներից մեկը ընդհանրապես այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, պետք է ուսումնասիրվեն, որ ամբողջական պատկերը ստանալ: Դա երկար տարիների պատմություն ունի: Ես ե՛ւ ՊԵԿ-ի, ե՛ւ ոստիկանության հետ պետք է խորանանք խնդրի մեջ», - ասել է փոխվարչապետը: