Արմինֆո.Պաշտոնական Փարիզը հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը:
Այսպես, Ադրբեջանին զենք վաճառելու մասին էմբարգոն հանելու վերաբերյալ ԱրմԻնֆոյի թղթակցի հարցադրմանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է.
«Ձեր հարցմանն ի պատասխան, Փարիզի հետ ճշգրռելուց հետո, տեղեկացնում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ֆրանսիայի ռազմա-արդյունաբերական ընկերությունները ձեռնամուխ են եղել մարքեթինգային աշխատանքներին, Ադրբեջանի հետ համագործակցությունը կարգավորելու համար: «Պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների վրայից հանել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանքի վաճառքի արգելքը: Այդ երկրի ռազմական-արդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»: Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ՌԱՀ-ն Ադրբեջանի միջազգային պաշտպանական ADEX-2018 3-րդ ցուցահանդեսում, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 25-27-ը, կներկայացվի լայն ձևաչափով:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա հայկական կողմը կզբաղվի իրավիճակի պարզաբանմամբ: