Արմինֆո.ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի կառավարական պատվիրակության Բրյուսել առաջիկա այցի արդյունքների առնչությամբ: Այ մասին հուլիսի 10-ին Զոհրաբ Մնացականյանն ասել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, շնորհիվ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի, նոր, իրավական հիմք է ձևավորվել Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման համար: Իսկ կառավարական պատվիրակության Բրյուսել այցը, ինչպես գտնում է նախարարը, կարող է Եվրամիության գործընկերներ հետ ծանոթանալու լավ հնարավորություն դառնալ Հայաստանի վարչապետի համար: «ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր օրակարգը բավական լայն է, և նախատեսում է համագործակցություն տարբեր բնագավառներում: Բնականաբար,քննարկումներ կընթանան այս և միջազգային օրակարգի շուրջ»,- նշել է նախարարը: Այս համատեքստում, ինչպես հայտնել է Մնացականյանը, նախատեսվում են հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Նախօրեին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հուլիսի 11-13-ը կայցելի Բրյուսել: