Արմինֆո. ՀՀ ոստիկանությունն այս փուլում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողներին հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, ակցիաների մասնակիցներն առայժմ գործում են օրենքի շրջանակներում, և իրավակարգի ուժերի միջամտության համար պատճառներ չկան:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով: Մասնավորապես, ցուցարարները պնդում էին, որ գանձատան թանկարժեք իրերն ու մասունքները վաճառվել են: Եկեղեցու ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, նրանից մի կտոր նվիրվել է ռուս քաղաքապետի: Ի հավաստումն իրենց խոսքերի՝ հուլիսի 7-ին այն պահոցից դուրս է բերվել և ցուցադրվել հավատացյալներին: Սակայն, անմիջապես խոսակցություններ են առաջացել վերջինիս իսկության առնչությամբ: Մի քանի օր առաջ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ղեկավար Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ցուցարարների գործողությունները գնահատել էր հարձակում եկեղեցու դեմ: «Դիվանատունը զավթվել է, և մենք հարկադրված ենք դադարեցնել մեր աշխատանքը: Ես այդ քայլը գնահատում եմ հետապնդում ազգային եկեղեցու նկատմամբ: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կանեն անհրաժեշտ հետևություններ` ազգային եկեղեցին հետապնդումներին զերծ պահելու համար՚, - հայտարարել էր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հուլիսի 10-ի առավոտյան Ոստիկանությունը ցրել է Մայր Աթոռի դիվանատունն «օկուպացրած՚ ցուցարարներին: