Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը կսպասի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքներին: Հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեկնաբանելով այն հայտարարությունը, թե Ռ. Քոչարյանը երկրում չի լինի մինչեւ հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել։
Նրա ասելով, այժմ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվում որպես վկա, իսկ վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ «Տեսակապով, տեսազանգով կամ որեւէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում», – ընդգծել է ՀՔԾ ղեկավարը։
Ինչ վերաբերում է բուն հարցաքննության տեսանյութը հրապարակելու Քոչարյանի գրասենյակի առաջարկին, ապա, Խաչատրյանի ասելով, հարցը քննարկման ենթակա է: Ընդ որում, նա հրաժարվել է մեկնաբանել նախօրեին հրապարակված Քոչարյանի հարցազրույցը: «Չեմ կարծում, թե ՀՔԾ ղեկավարն այն մարդն է, որ պետք է մեկնաբանի այդ հարցազրույցը՚, - հայտարարել է նա: