Արմինֆո. Աստանա-Երևան չվերթի ուղևորները հայտնվել են «Սկատ՚ ավիաընկերության «գերության՚ մեջ: Ահա արդեն 15 ժամ ուղևորները «Նուրսուլթան Նազարբաևի՚ անվան միջազգային օդանավակայանի թռիչքների սրահում են: Ըստ չվացուցակի` հուլիսի 8-ին, Ղազախստանի ժամանակով 23:30-ին նախատեսված թռիչքը դեռ չի կայացել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի հատուկ թղթակիցն Աստանայի օդանավակայանից, դեռ անհասկանալի է, թե երբ է ինքնաթիռ տրամադրվելու չվերթի իրականացման համար: Ուշագրավ է, որ առաջին երեք ժամվա ընթացքում ընկերության ներկայացուցիչներն ընդհանրապես ոչ մի տեղեկատվություն չեն տրաամդրել, իսկ ավելի ուշ այդպես էլ չեն կարողացել պարզորոշ պատասխանել այն հարցին, թե ստեղծված իրավիճակը երբ կկարգավորվի:
Չնայած թռիչքի պարբերաբար հետաձգմանը` ավիաընկերությունը ուղևորներին հյուրանոցային համարներ չի տրամադրել` ինչպես նախատեսվում է նման պայմաններում: Հարկ է նշել, որ ուղևորների թվում շատ են մանկահասակ երեխաները, կան տարեցներ և հաշմանդամներ, ովքեր ի վիճակի չեն այդքան ժամանակ անցկացնել անքուն և առանց պատշաճ պայմանների: Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանն արդեն պաշտոնական նամակ է հղել Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տալգատ Լաստաևին, որում գերատեսչության ուշադրությունն է հրավիրել նման իրավիճակի անթույլատրելիության վրա: Նա նաև նշել է, որ արդեն մի քանի ամիս «Սկատ՚ ավիաընկերությունը տարբեր պատրվակներով Աստանա-Երևան-Աստանա չվերթն իրականացնում է Ակտոբայով, ինչը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում ուղևորներին: Դեսպանը հույս է հայտնել, որ իրավիճակն անհապաղ կկարգավորվի և այլևս չի կրկնվի: