Արմինֆո.Վերջին ժամանակներս արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտումների աննախադեպ ցածր մակարդակ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Վարչապետը փաստել է, որ միջին վիճակագրական տվյալներով, իր ընտրվելուց հետո հրադադարի խախտումների մակարդակն աննախադեպ ցածր է` ափսոսանք հայտնելով կորուստների համար:
Վարչապետը նաև հայտարարել է, որ նախիջևանյան ուղղությամբ առկա է որոշակի լարվածություն, սակայն, ռազմական ռիսկերի տեսանկյունից նախիջևանյան ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի եղել, չեն արձանագրվել հակառակորդի լուրջ առաջխաղացումներ: «Տեղի են ունեցել ադրբեջանական դիրքերի որոշակի տեղաշարժեր տարբեր ուղղություններով, սակայն մենք աշխատում ենք այդ տեղաշարժերով հարուցված ռիսկերը կառավարելի դարձնելու ուղղությամբ: Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ նշանառության տակ է պահում Երևան-Լաչին ճանապարհը, ապա ասեմ, որ 1992-93 թվականներից այդ ճանապարհը նշանառության տակ է: Այդ առումով ոչինչ չի փոխվել: Խոսել այն մասին, թե մենք ինչ-որ տարածքներ ենք կորցրել, անհեթեթություն է: Ինչպե՞ս կարելի է տարածք կորցնել` առանց մեկ կրակոցի՚, - հայտարարել է Փաշինյանը:
Այդ ֆոնին նա ընդգծել է, որ հայկական կողմը մշտապես պետք է պատրաստ լինի պատերազմի: «Ես չեմ կարող ասել, թե իրավիճակն աննախադեպ է: Սովորական իրավիճակ է, որը եղել է տարիներ շարունակ: Վերջ ի վերջո, հակամարտությունը կարգավորված չէ, մենք կիսապատերազմական վիճակում ենք, որը ցանկացած պահի կարող է փոխվել: Ես չեմ ուզում ասել, թե անհանգստության պատճառ չկա, սակայն չեմ էլ ուզում ասել, որ այն կա՚, - հայտարարել է վարչապետը, ընդգծելով, որ բանակը մշտապես պետք է զգա պետության աջակցությունը: Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը երբեք չի սկսի պատերազմ, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Փաշինյանը նաև ընդգծել է բանակում չարաշահումների բացառման իմպերատիվը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ