Արմինֆո.ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, կձերբակալվի, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունում:
«ՀՔԾ քննիչը Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացրել»,- հայտնել են ՀՔԾ-ում: Որոշումը, ինչպես նշվում է, ընդունվել է «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ հայտնաբերելու փաստով քրեական գործի շրջանակներում:
Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։