Արմինֆո. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը խորհուրդ է տվել այս կամ այն հարցի առնչությամբ կողմնորոշվել՝ ելնելով այս կամ այն պետության գործադիր մարմնի ներկայացուցիչների հայտարարություններից:
«Այս կամ այն հարցի, հատկապես՝ արտաքին քաղաքական կոնֆլիկտների առնչությամբ պետության դիրքորոշումն արտահայտվում է գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ռուսաստանի գործադիր իշխանության դիրքորոշումը հայտնի է: Այն, առնվազն շաբաթը մեկ անգամ՝ տարբեր հարցերի պատասխանելիս, արտահայտում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը»,- ասել է Բալայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանում կիսում են ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, թե Ադրբեջանը միշտ կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ որում, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է նաև, որ թերահավատությամբ է վերաբերում Վոլոդինի հայտարարությունների առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցով Բաքվում գտնվող ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ադրբեջանը միշտ կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չմտահոգել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու համար այդ ճանապարհը»,- հայտարարել է Վոլոդինը: