Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ բողոքի ակցիան դադարեցվել է վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հայտարարությունից հետո այն մասին, որ նախօրեին հրապարակված տեսանյութում առկա բոլոր նյութերը փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը։
«Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին: Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,- Facеbook-ի իր էջում գրել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հունիսի կեսին ԱԱԾ-ն ստուգումներ է անցկացրել քաղաքապետարանում «Երևան՚ հիմնադրամի աշխատանքի առնչությամբ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ստուգումների արդյունքում ձերբակալվել են հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:
Նշենք, որ օրերս հրապարակվել է Մարգարյանի բազմամիլիոնանոց կարողության մասին հետաքննության տեսանյութը, ինչն էլ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Տեսանյութում ցուցադրվել են քաղաքապետի մի քանի բնակարանները` տարբեր շենքերում, առանձնատունը` հողամասով, ամառանոցը, ավտոտնակը, հասարակական նշանակության շենք և այլն: