Արմինֆո. Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է Աղաջանյաը:
Հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, թե դիտարկումները ցույց են տվել, որ կառավարության աշխատակազմն ուռճացված է: Նրա ասելով, եղել են բազմաթիվ չտրամաբանված և չարդարացված ծախսեր: «Խոսքը վերաբերում է ծառայողական մեքենաներին և դիզելային վառելիքի կտրոններին: Այն, որ մեր կառավարությունը կգործի անհամեմատ ավելի արդյունավետ, միանշանակ է՚, - հավաստիացրել է նա: Էդուարդ Աղաջանյաը հաղորդել է, որ կատավարության տնօրինության տակ այժմ կա 110 ավտոմեքենա, ինչը, նրա կարծիքով, հարկավոր է 30 տոկոսով կրճատել: Աղաջանյանը նաև համոզմունք էր հայտնել, որ ամեն շաբաթ բաժինների պետերի կարիքների համար հատկացվող 300 լ դիզելային վառլիքը չափազանց ուռճացված թիվ է: