Արմինֆո. «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով տաղավարների վարձավճարների իջեցում:
«Մենք հնգամյա պայմանագրեր ունենք շուկայի սեփականատերերի հետ, որոնցում գրված է, որ վարձավճարները պետք է կազմեն 35 հազար դրամ յուրաքանչյուր տաղավարի համար, սակայն ընթացիկ տարվա հունվարի 1-ից որոշ տաղավարների համար ստիպված ենք վճարել 50 հազար դրամ»,- նշել են ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքով, վարձավճարները 20%-ով իջեցնելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո շուկայի տնօրեն Վաղարշ Վաղարշյանը վարձավճարը բարձրացրեց մինչև 40 հազար դրամ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի 20%-ը հաշվարկվի 35 հազար դրամից, իսկ մեզ ասում են, որ մենք պետք է վճարենք 40 հազար դրամ: Մինչդեռ մենք հինգ տարի ժամկետով պայմանագրեր ունենք, որոնցում գրված է 35 հազար դրամ գումար»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ վրդովմունք հայտնելով իր առաջադրած պայմանները չկատարելու դեպքում սրահները փակելու տնօրենի սպառնալիքների առնչությամբ:
Սակայն, շուկայի տնօրեն Վաղարշ Վաղարշյանը բացատրել է, որ ընթացիկ տարվա հունվարից առևտրականների հետ կնքվել է պայմանագիր, որում հստակ ասված է, որ ինչպես հին, այնպես էլ նոր տաղավարների աշխատակիցները պետք է վճարեն 50 հազար դրամ: «Քանի որ աշխատակիցները խնդրել ենք ինձ, որ 2 ամիս զեղչ անեմ իրենց համար, ես համաձայնել եմ: Մենք բացատրել ենք աշխատակիցներին, որ ամեն ինչ թանկանում է, և չսնանկանալու համար այլ ելք չկա, տաղավարների վարձավճարները բարձրացնելուց բացի: Սակայն, վերջերս մեզ մոտ եկան կառավարությունից և հայտարարեցին, որ մենք պետք է իջեցնենք վարձավճարները 20%-ով: Այժմ վարձավճարը կազմում է 40 հազար դրամ, իսկ նախկինում կազմել է 50 հազար դրամ: Այլևս չեմ կարող իջեցնել վարձավճարները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշյանը՝ ակցիայի մասնակիցներին առաջարկելով իրենց բիզնեսն այլ վայրեր տեղափոխել:
Տնօրենի խոսքով, աշխատակիցների մեծ մասը վճարում է 50 հազար դրամ վարձավճար, և միանգամայն գոհ է, ցույց է անում միայն 70-80 մարդ: