Արմինֆո.Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանն (Շմայս) ազատ է արձակվել, հաղորդում են ԶԼՄ-ները: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնում ձեռնպահ են մնացել այդ առնչությամբ մեկնաբանություններից, սակայն ԱրմԻնֆո-ին խոստացել են առաջիկայում տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
Այդուհանդերձ, ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հաստատել է, որ նախօրեին Առաքել Մովսիսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ` իր առանձնատանն անցկացված խուզարկությունից հետո: Առայժմ պարզ չէ, թե որ գործի շրջանակում է անցկացվել խուզարկությունը. ԱԱԾ-ն այս փուլում ձեռնպահ է մնում այդ հարցի շուրջ մեկնաբանություններից:
Երեկ երեկոյան ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը: