Արմինֆո.Մենք քվեարկության ռեյտինգային համակարգից հրաժարվելու նպատակ չենք դնում, բայց գտնում ենք, որ ընտրակական համակարգի լավագույն մոդելը բաց ցուցակներով քվեարկությունն է, երբ մարդն ընտրում է թե կուսակցությանը, թե պատգամավորի իր թեկնածուին: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ն չհամաձայնի փոփոխություններ մտցնել ԸՕ-ում՝ Ռուստամյանը հայտարարել է, որ այդ դեպքում Հանրապետական կուսակցությունը մեկուսացման մեջ կհայտնվի: «Մենք առաջարկում ենք տարբերակ, որը չի ենթադրում ռեյտինգային համակարգից ամբողջական հրաժարում, այլ՝ ավելի ճկուն տարբերակ: Թեկնածուի ընտրությունը կատարվում է ամբողջ հանրապետությունով, այլ ոչ թե՝ առանձին տեղամասով»,-հայտարարել է Ռուստամյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, ընտրությունների կգնա միայնակ, քանի որ չի ցանկանում հրաժարվել իր որոշակի սկզբունքներից:
«Ելք» խմբակցությունից պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային համակարգից և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի: Այն հարցին, թե արդյոք ընտրությունների թափանցիկությանը չի խանգարի այն փաստը, որ բոլոր ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջիններս պետք է ազատ գործեն՝ Լենա Նազարյանը նշել է. «Համենայն դեպս վարչապետը չի հրաժարվել իր տեսակետից: Սակայն, չեմ կարծում, թե նման կարճ ժամանակհատվածում հնարավոր է այդպիսի կառուցվածքային փոփոխություններ կատարել»: Ինչ վերաբերում է ուժային կառույցների անկախությանը, ապա, պատգամավորի հավաստմամբ, դրանք երբեք ավելի անկախ չեն եղել, քան հիմա: