Արմինֆո. Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին ներկա է գտնվել Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագրի ստորագրման արարողությանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը և Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր խոսքում անդրադառնալով հետընդունման պայմանագրի կիրառման արդյունքներին, ընդգծել է. «Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև հոգեբանական ասպեկտները: Ջանքեր են ներդրվել նաև Հայաստանի կառավարությանն առնընթեր գործակալությունների կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ սեփական վերաինտեգրման քաղաքականություն մշակելու նպատակով: Հետընդունումը և վերաինտեգրումը ընկած են շարժունակության գործընկերության հիմքում։ Մենք նաև առանձնահատուկ կարևորություն ենք տալիս իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարին: Եվ մեր իրավապահ մարմինները պատրաստ են շարունակել ԵՄ անդամ-պետությունների հետ մեր համագործակցությունը բոլոր բաց հարցերի շուրջ: Մենք շատ ջերմ և պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության և Բենիլյուքսի երկրների հետ: Կիրարկման մասին ստորագրվելիք արձանագրությունն արժեքավոր լրացում կդառնա առկա իրավական դաշտին և անշուշտ առավել դյուրին կարգավորվող կդարձնի հետընդունմանն անչվող գործընթացները»:
Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի և ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու և իրենց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատել է որպես չափազանց կարևոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում: