Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վստահ է, որ նախկին իշխանավորների տներում խուզարկությունների դեպքում արդյունքները ոչ պակաս շոկային կլինեն, քան գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության ժամանակ:
«Ես միշտ ասել եմ, որ նրանք բոլորը գեներալի հագուստով կոլխոզնիկներ են, բայց դա այն ժամանակ ոչ ոքի չէր հետաքրքրում: Իսկ հիմա բոլորը, չգիտես ինչու, զարմանում են: Այդ ամենը երկար պատմություն ունի, ամեն ինչ թալանվում էր 25 տարվա ընթացքում»,- լրագրողներին հայտարարել է Բաբայանը:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ նախկին իշխանություններն իմացել են բոլոր այդ հանցագործությունների մասին, բոլորն էլ նույն կոռուպցիոներներն են:
Խոսելով Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հնարավորության մասին՝ Բաբայանը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել ծրագրերի հարցում: Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, Բաբայանը կրկնել է իր վերջին հայտարարությունը. «Եթե իշխանությունները որոշեն, որ ես պիտի կրկին այդ հատվածում զբաղվեմ, ես զբաղվելու եմ։ Ոչ թե ես չեմ ուզում գնամ, այլ որոշողը ես չեմ, դուք եք»։