Արմինֆո. Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակի զարգացման ժամանակագրությունը:
Ինչպես Աբրահամյանը գրել է «Ֆեյսբուքի՚ իր էջում, ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: «Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ): Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում: Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները», - գրել է Աբրահամյանը:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Գասանովը այսօր բարձրագույն առզմական դպրոց այցելության ժամանակ հերթական անգամ հայտարարել է, թե, «որպես վերջին տարիներին գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցկացված համալիր բարեփոխումների արդյունք, այսօր ադրբեջանական բանակը լիովին պատրաստ է կատարել ցանկացած զինվորական հրաման՚: