Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա երկու ամիս:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովը բավարարել էր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի երկու միջնորդությունները: Ինչպես նշվում էր գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության մեջ, ի հայտ եկած հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերևույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ողջամիտ կանխատեսման համար: