Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հավաստիացնում է, որ անպատժելիությունն այլևս պատմություն է:
«Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար: Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը՚, - ասվում է գլխավոր շտաբի պետի հայտարարությունում, որի տեքստ ԱրմԻնֆո-ին տրամադրել են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: